2026 թվականի հոկտեմբերի 24-ին Մալթայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 13-ամյա Naré-ն իր «BOO!» երգով:
«Այս երգը սեփական վախերին դեմ-հանդիման կանգնելու մասին է: Պետք է ցույց տալ, որ չես վախենում նրանցից,- բացատրում է Naré-ն: «Քանի որ երբեմն... վախերդ կարող են քեզնից ավելի շատ վախենալ: Երգը պարային է, ուրախ ու անակնալներով լի»:
Naré-ն երգել սկսել է հինգ տարեկանից: Երաժշտությունը դեպի նրա մեծ երազանք տանող ճանապարհն է, և Մալթայում կայանալիք միջազգային մրցույթն այդ երազանքի կարևոր կանգառներից մեկն է: Հայտարարված ներքին լսումներում ժյուրին առանձնացրել և հավանություն է տվել Naré-ի թեկնածությանը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը կայացրել է վերջնական որոշումը:
«BՕՕ!» երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Նիկ Եգիբյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
«Մանկական Եվրատեսիլն» առանձնահատուկ կարևորություն ունի մեզ համար, ու պետք է ասեմ, որ նախընտրական փուլում ժյուրիի աշխատանքը տարեցտարի ավելի է բարդանում, որովհետև մեր երեխաներն իսկապես շատ տաղանդավոր են, և ընտրություն կատարելը հեշտ չէ։ Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երեխաներին, որոնք դիմել էին այս տարվա նախընտրական փուլին։ Նարեն արդեն 3 անգամ մասնակցել է լսումների փուլին, և ահա 4-րդ փորձը դարձավ որոշիչ. իրականացավ Naré-ի երազանքը։ Կարծում եմ՝ այս հաղթանակը փաստում է, որ, ինչպես իր երգում ասում է Naré-ն, երբեք պետք չէ հանձնվել կամ վախենալ սեփական երազանքներից: Այս տարվա «Մանկական Եվրատեսիլում» ներկայանալու ենք վառ, ակտիվ ու հիշվող ելույթով, և հուսով ենք, որ այն դեռ երկար կմնա երեխաների սրտերում»,- նշում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։
Ներկայումս Հայաստանի պատվիրակությունը գտնվում է նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում և պատրաստվում է Naré-ի եվրատեսիլյան ելույթին:
Թվով 24-րդ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում:

